May 19

Լոտուսի արքայադուստրը

Կար չկար մի հեքիաթ կար. նա երկար շատ երկար սպասեց մինչև ես՝ Անուշ Վարդանյանը, նրան գտավ և գրի առավ…

Կարմիր կղմինդրե տանիքով տնակում ապրում է Անահիտը իր մայրիկի, հայրիկի, տատիկի, պապիկի և Սևուկ շան հետ:

Մայրիկ Աստղիկը տունը զարդարել էր վարդագույն և ճերմակ վարագույրներով, և ամենակարևորը բազմատեսակ բույսերով: Նրանց տանը միշտ ծաղկած ծաղիկ կար. գարնան սկզբում մանուշակների բազմազանությունը ճերմակ, մանուշակագույն, վարդագույն, հետո՝ վարդ, մեխակները, լավանդան և այլն…

Այդ տունը թվում էր կախարդական: Եվ ով կմտածեր, որ այնտեղ մի օր կգար իսկական հեքիաթը…

Անահիտի մայրիկը աշխատում էր դպրոցում և շատ սիրելի ուսուցիչ էր: Նրան միշտ ծաղիկներ էին նվիրում և մի օր նա բերեց 5 հատ լոտոս ծաղիկ:

Մեծ, բյուրեղապակե սափորում, ճերմակ լոտոսները ընկղմելով, մայրիկն ասաց.

-Երեկոյան փակ են, իսկ առավոտյան, արևի առաջին ճառագայթների հետ կբացվեն:

 

Անահիտը համարյա չքնեց, և արևի առաջին շողի հետ վեր թռավ և վազեց ծաղկամանի մոտ: Ահա և հրաշքը: Լոտոսը բացվեց և նրա միջից դուրս թռավ թիթեռ-արքայադուստրը:

-Օ՜յ, օ՜յ, այս ուր եմ ընկել, — քնքուշ ձայնով թռվռաց Թիթեռը: Երբ նա բացեց թևիկները, Անահիտը ա՜խ քաշեց այնքան նախշուն էին ու գունավոր…

Անահիտը սեղանին շարեց բոլոր ծաղկած ծաղիկներով ծաղկամանները և ուրախությամբ սկսեց հետևել, թե ինչպես էր թիթեռը թռչկոտում ծաղկից ծաղիկ և քնքուշ ձայներ արձակում…

Թիթեռ-արքայադուստրը, որի անունը Անան էր թռավ բոլոր ծաղիկների, բոլոր բույսերի վրայով հետո ծվաց.

-Ես ուզում եմ վերադառնալ իմ լոտոսի մեջ:

Աղջնակը հարցրեց.

-Ինչու՞ սիրելի թիթեռնիկ, միթե քեզ հաճելի չեն մեր ծաղիկները, դրանք բուրում են հրաշալի և գեղեցիկ են…

-Ես ուզում եմ մտնել իմ լոտոսը և վերադառնալ իմ հայրենիքը,- ասաց Անանը…

-Իսկ դու որտե՞ղ ես ապրում,- հարցրեց Անահիտը:

-Ես ապրում եմ հեռավոր մի երկրում, որտեղ ամենը կանաչ է, և կապույտ, կապույտ ջրեր, զմրուխտ, զմրուխտ անտառներ:

-Սիրելի Անան, այստեղից մինչև քո երկիր ինչպե՞ս պետք է գնաս, չէ որ արդեն լոտոսը թոռոմել է…

Անանը արտասվեց.

-Օ՜յ, օ՜յ, օ՜յ… Ես մնամ այստեղ ինչ անեմ, այնտեղ է իմ հայրը, մայրը, ընկերները, իմ ժողովուրդը, նրանք ինձ կփնտրեն, չէ որ ես եմ նրանց արքայադուստրը…

Ինչ պատահեց, ինչ չպատահեց, բայց Անահիտ աղջիկը ոգևորվեց այն մտքով, որ օգնի Անան թիթեռնիկին հասնել իր կախարդական հայրենիքը…

-Իսկ դու կարո՞ղ ես հիշել քո տան ճանապարհը, — հարցրեց աղջնակը:

-Ես գետնի վրա չեմ ապրում: Հողի վրայով ճանապարհը չգիտեմ: Այ թե ինձ վերև բարձրացնեն, ես կգտնեմ իմ տան ճանապարհը:

Ինչ աներ, ինչ չաներ մեր Անահիտը, նա գնաց խանութ և գնեց թռչող ուղղաթիռ, որը վաղուց էր տեսել և հավանել:

Աղջնակը թիթեռին նստեցրեց ուղղաթիռին և ասաց.

-Ուղղաթիռը քեզ կթռցնի վերև, վերև և դու կգտնես քո տան ճանապարհը:

Անանը դժվարությամբ բաժանվեց Անահիտից և սիրով հրավիրեց իր կախարդական երկիրը. լճերի, կապույտ ջրերի վրա փռված են լոտոսի լայն տերևները, անտառում վազվզում են պտավոր եղնիկ-մարալները: Օ՜ որքան գեղեցիկ է, որ հնարավոր չէ նկարագրել…

Իր ընկերները բզզում են, թռչունները դայլայլում, և բոլորը պարում և ուրախանում են, կտցելով կարմրաթուշ մորիները, մոշերը, իսկ փափկամազիկ սկյուռիկները կրծում են կոները:

Անահիտը խոստացավ, որ անպայման կգա այդ երկիրը և մի կաթիլ մեղր կաթեցրեց ուղղաթիռի թևին, հանկարծ Անանը սոված չմնա, ուշքը չգնա, չէ որ թիթեռները շատ քնքուշ են…

Ուղղաթիռը բզզոցով բարձրացավ վեր և թռավ հեռու, հեռու: Այստեղ մեր հեքիաթը շունչ առավ և ընդմիջում հայտարարեց:

Իսկ հաջորդ հեքիաթը կպատմի Անանի զմրուխտ երկրի և Անահիտի արկածների մասին, չէ՞ որ նա պիտի գտնի թիթեռների հրաշք երկիրը…


Posted May 19, 2021 by Mane R. in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*