March 12

Եղիշե Չարենց

March 10

Չարենցյան ընթերցարան

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Հնչում են օրերը…

Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը — կարմիր ու բոսոր,
Օրերը ղողանջ ու հնչուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր։

Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը կուզեմ որ արա՛գ գա —
Անդարձ է կարոտը երգիս։

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն —
Կուզեմ, որ լսե, ախ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ…

«Ինչքան աշխարհը սիրես»

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

March 9

Չարենցյան բառարան

Դյութ –  Նա, որ զանազան միջոցներով դյութում Է, կախարդ
բոց – կրակ
բոսոր – Դեղնին տվող կարմիր, ծիրանագույն
ղողանջ – Մետաղյա կամ ապակյա առարկայի թրթռուն ձայն
հրկեզ –  Նույնն Է՝ Հրակեզ՝ Հրով կիզված՝ այրված
ճահճուտ –  Ճահճոտ տեղ
թախիծ – Տխրություն
անհուն – Հուն չունեցող
հուր –  Այրող ցավ՝ վիշտ՝ դառնություն
Բլբուլ – Սոխակ
ջինջ – Պարզ, մաքուր, հստակ
ողբաձայն – Ողբի ձայն, ողբալու՝ սգալու ձայնը
լուսապսակ –  լուսեղեն պսակ ունեցող , Լուսեղեն պսակ, լուսավոր շրջագիծ լույս արձակող կետի կամ ատրաշեկ առարկայի շուրջը

 

March 6

Եղիշե Չարենց «Մորս համար գազել»

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…