April 18

Մանուկ- խան

Ինչպես մեծերի մեջ կան տխմար և իմաստուն մարդիկ, մանուկների մեջ էլ կան տխմարներ ու իմաստուններ։ Իմաստությունը հասակից կախումն չունի, այդ մի շնորհք է, որ Աստված նրան է տալիս, ում ընտրում է ինքը։ Այսպիսի ընտրվածներ շատ քիչ են լինում թվով։ Ամեն մարդ կարող է իմաստությունը սիրել, իմաստասեր լինել, բայց ո՛չ իմաստուն։ Սողոմոն իմաստունը տասներկու տարեկան ժամանակ արդեն իմաստուն էր։ Դանիել մարգարեն նույնպես իմաստուն էր շատ փոքր հասակից։ Այսպիսի իմաստուն մանուկներ հայոց մեջ ևս շատ են եղել։ Եվ թեպետ դրանց պատմությունը հեքիաթների կարգն է ընկել, բայց ճշմարիտ եղած բաներ կան։ Ահա՛ այդպիսի մի մանուկի պատմություն պիտի անեմ։

* * *Թիֆլիս քաղաքի փողոցով մի մարդ էր գնում դեպի քաղաքի շուկան՝ ձվով բարձած մի էշ առաջը գցած։ Նրա հետևից էլ մի ուրիշ մարդ մի գիժ եզն էր առաջն արած տանում դեպի սպանդանոց։ Եզնատերը բղավում է իշատիրոջը.

— Իշիդ կապը բռնի՛ր, մի կո՛ղմ քաշվիր․ եզս գիժ է, հարու կտա[1]։

Մի քանի անգամ կանչում է այսպես, բայց իշատերը չլսելն է դնում, մինչև եզը հասնում է և իր եղջյուրներով զարկում կթոցներին ու վայր գլորելով կոտրտում ձվանը։ Այս ժամանակ իշատերը բռնում է եզնատիրոջ օձիքը և տանում դատարան։ Continue reading

November 15

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

 

November 15

ԱՌԱՎՈՏ

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։